Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե կարող ենք սպառազինության առումով մեկ ավելի փամփուշտ գնել, պետք է անենք դա»

«Եթե կարող ենք սպառազինության առումով մեկ ավելի փամփուշտ գնել, պետք է անենք դա»
05.10.2015 | 11:54

Հոկտեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսության եթերով կհայտարարվի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակի անունը։ Հիշեցնենք, որ նախորդ մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երգիչները հրավիրվել էին աշխարհի բոլոր մայր ցամաքներից: Հայաստանյան մասնակիցը կամրջում էր աշխարհասփյուռ հայության մեկդարյա պատմությունը խորհրդանշող հնգյակին: Հայաստանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Եթե դուրս գանք փողոց ու մեր քաղաքացիներին հարցնենք` որտե՞ղ կայացավ անցյալ տարի «Եվրատեսիլը», ո՞վ հաղթեց, ո՞ր երգն ամենաշատ միավորներ հավաքեց, դժվար թե, պատասխանները հուսադրող լինեն: Եվրատեսիլյան հաղթող երգերը ամենևին էլ հիթեր չեն դառնում: ՈՒ չնայած դրան, եթե մասնակցում ես, պետք է ներկայացնես լավագույնը: Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) արտաքին կապերի և տեղեկատվական բաժնի ղեկավար, կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցի` կոմպոզիտորների միությունը որևէ կերպ ներգրավվում է ներկայացվող երգի ընտրություններում:


-Ցավոք, այս հարցով կոմպոզիտորների միությանը չեն դիմում,- ասաց Էդմոնդ Մակարյանը:- Ինչո՞ւ ցավոք, որովհետև վստահաբար ՀԿՄ-ում կան մասնագետներ, ովքեր իրենց պրոֆեսիոնալ խորհուրդներով կօգնեն երգի ընտրության հարցում: Բայց քանի որ Հանրային հեռուսատեսությունը, ենթադրաբար, առաջնորդվում է այլ սկզբունքներով, ՀԿՄ-ն դուրս է մնացել եվրատեսիլյան ընտրություններից:
-«Եվրատեսիլում» հաղթում է լա՞վ երգը, թե՞ քաղաքական շահը:
-Ժամանակին երգի մրցույթ էր, եթե հաշվի առնենք, թե ովքեր են հանդես եկել` Սելին Դիոնը, «Աբբա» խումբը` եզակի գույն ու գեղեցկություն հաղորդելով մրցույթին: Այսօր արդեն «Եվրատեսիլը» երկու ուղղվածություն ունի` ստանալ տարբերվող, լավ շոու և ձայներ հավաքել` բարեկամահարևանական հարաբերությունների միջոցով: Պարզից էլ պարզ է, թե որ երկիրը որ երկրին է ձայն տալիս:

-Մեզ ի՞նչ է տալիս այդ շոուն:
-Իրականում «Եվրատեսիլը» Եվրոպայում մեծ մասսայականություն վայելող (եթե ոչ ամենամեծ) երաժշտական միջոցառումն է: Ցավոք, հարևանների հարցում մեր բախտն այնքան էլ չի բերել, որ շատ միավոր ստանանք այդ մրցույթում, բացի այդ՝ նավթ էլ չունենք, որ «փոխանակենք» միավորների հետ, ուստի երգի այս «ստուգատեսը» հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ներկայացնելու մեր երկիրը, մեր մշակույթը, բայց՝ ոչ կայանալ: Ի վերջո, ո՞ւմ մոտ «կայանալ», Կոնչիտայի՞:

-Որոշ երկրներ ֆինանսական խնդիրներից ելնելով` հրաժարվում են մասնակցությունից: Ներկա դրությամբ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության գումարները սահմանամերձ շրջաններին ուղղելու համար ստորագրահավաք է անցկացվում: Չի բացառվում, որ «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցելու «շքեղությունն» էլ դժգոհություն հարուցի:
-Այո, երևանյան երկնակամարում միանշանակ կորոտա հրավառության «պայթյունը», նմանատիպ ձայն կհնչի նաև սահմանամերձ գոտում, բայց, ցավոք, ոչ հրավառության տեսքով: Սա է իրականությունը: Ես ևս արդարացված չեմ համարում պետական նմանատիպ գերծախսերը, մանավանդ այս պահին: Կողմ եմ, որ երևանյան միջոցառումները կրճատվեն (ոչ թե չանցկացվեն), եթե կարող ենք օգնել սահմանամերձ շրջանների բնակչությանը կամ սպառազինության առումով մեկ ավելի փամփուշտ գնել, պետք է անենք դա: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», կարելի է նվազագույն միջոցներով լավագույնս ներկայացնել մեր երկիրը, եթե կազմակերպչական աշխատանքներն արվեն բացառապես պրոֆեսիոնալ մակարդակով: Ի վերջո, քսանհոգանոց պատվիրակության փոխարեն կարող են գնալը 10, կամ 5-ը: Սրանով արդեն իսկ կկրճատվեն ֆինանսական ծախսերը, և այդ գումարը կարելի է ուղղել սահմանամերձ գոտի, այն մարդկանց, ովքեր քաջաբար տանում են պատերազմի արհավիրքն ու շարունակում ապրել իրենց բնակավայրերում:

ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ